Անսպասելի էր ու նաև շատ հաճելի, որ տասներորդցի աղջիկը կարող է նման լրջությամբ ուսումնասիրել երաժշտությունը՝ գնալով մինչև ամենախորքը, անդրադառնալով երաժշտության գիտական ասպեկտներին, թերապևտիկ-կիրառական նշանակությանը, և այլն։

Հետազոտությունը գնում է մինչև սկիզբ՝ երաժշտության ստեղծումը, և իրավացիորեն նշում, որ մինչև օրս, չնայած բազմաթիվ տեսություններին, երաժշտության ծագումը դեռևս գաղտնիք է։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ մարդիկ սկսել են ստեղծել երաժշտություն՝ նմանակելով իրենց շրջապատող կենդանիներին, ասենք՝ փորձելով ընդօրինակել թռչունների դայլայլը և այլն։ Ինձ, սակայն, առավել կարևոր թվաց, որ Լուիզան անդրադարձել է երաժշտության և խոսքի կապին։ Հետաքրքիր մեջբերում կարդացի, որ իրականում դժվար է որոշել, թե որն է երգ, և որը՝ խոսք, քանի որ ամեն ինչ շատ անհատական է, և չկա հստակ կանոն։ Այդպես եղել է հնում, և այդպես է նաև այսօր, հատկապես եթե հաշվի առնենք այսօրվա երգային տարբեր ժանրերը, որոնք առավելապես հիմնված են խոսքի, տեքստի վրա։ 

Երաժշտության ծագման տեսություններից ամենագեղեցիկը, թերևս, կարելի է համարել նրա աստվածաստեղծ լինելը. երաժշտությունը՝ որպես Աստծո կամ աստվածների նվեր։ Աստված ստեղծել է այնպիսի մարդկային մարմին՝ իր լսողությամբ և մնացյալ առանձնահատկություններով, որը հնարավոր է դարձնում երաժշտության վերարտադրությունը և ընկալումը։ Փաստորեն, թեև, առաջին հայացքից, երաժշտությունը մեր ամենօրյա կյանքի համար անհրաժեշտ չէ, սակայն Աստված այն կարևոր է համարել։ Այստեղ, մի պահ շեղվելով այս հետազոտությունից, կուզեի հիշել վրացի հրաշալի երգահան Ինոլա Գուրգուլիայի «Մարդը» երգը (Ադամիանի), որտեղ Ինոլան շատ «համոզիչ» պնդում է, որ սկզբում ստեղծվել է երգը, և հետո միայն Աստված ստեղծել է Մարդուն, որպեսզի նա այդ երգը երգի։ 

Եվ այսպես, որևէ եղանակով, ստեղծվել է երաժշտությունը, որի քնքշության հետևում բազմաթիվ բարդ մաթեմատիկական հաշվարկներ կան։

Լուիզան հիշեցնում է, որ երաժշտության ստեղծման և ընկալման հետևում իրականում լուրջ գիտական հենք կա, որքան էլ մենք լսելիս չկարողանանք հեշտությամբ ընկալել դա։ 

Այստեղ կուզեի հատուկ նշել հետազոտական աշխատանքի՝ որպես գրական նյութի մատուցումը։ Մի թեմայից մյուսը տեքստային անցումները, կամուրջները շատ նուրբ, կարելի է ասել՝ շատ  երաժշտական են։

Հասնելով հետազոտության բուն նյութին՝ երաժշտության և հոգեբանության կապին, Լուիզան ներկայացնում է բավականին բազմակողմանի ուսումնասիրություն.

– Երաժշտության ազդեցությունը մարդու հուզական աշխարհի վրա, անգամ՝ նրա գիտակցական կյանքի, նրա որոշումների վրա։

– Երաժշտությունը՝ որպես ինքնարտահայտման հզոր միջոց։

– Երաժշտությունը կարող է ազդել մարդու ուղեղի վրա՝ փոխելով մարդու տրամադրությունը։ Այստեղ խոսքը նեյրոքիմիական երևույթների մասին է, երբ երաժշտության ռիթմերը, հարմոնիկ պատկերները, մեղեդին և այլն, ազդում են տարբեր հորմոնների արտադրության վրա։

Երաժշտություն-հոգեբանություն կապն իրոք բազմազան է, և հոգեբանների համար երաժշտությունը կարող է ծառայել որպես իրական օգնական։ Այդ կապը Լուիզան ներկայացրել է մի քանի ընդգրկուն կետով. 

Երաժշտաթերապիա – ամենատարբեր հուզական և էմոցիոնալ խնդիրների, անգամ՝ ավելի ծանր վիճակների դեպքում, ինչպիսին են դեպրեսիան, աուտիզմը և այլն, երաժշտությունը կիրառվում է որպես թերապևտիկ միջոց։

Կոգնիտիվ հոգեբանություն – ինչպես է երաժշտությունն օգնում ճանաչողության պրոցեսին. ուշադրության, հիշողության զարգացում, ճանաչողական, իմացական ունակությունների խթանում։ 

Սոցիալական հոգեբանություն – երաժշտությունն օգնում է սոցիալական կապերի ձևավորմանը, սոցիալական տարբեր խմբերի ներքին կապերի ամրապնդմանը և այլն։

Զարգացման հոգեբանություն – ինչպես է երաժշտությունն օգնում անհատի կազմավորմանը, հոգևոր աճին, նրա անհատական առանձնահատկությունների ձևավորմանը, լեզվական հաղորդակցության ձևավորմանը, սոցիալական հմտությունների զարգացմանը և այլն։

Երաժշտությունը, պարզվում է, զգալի դրական ազդեցություն ունի մարդու առողջության և ինքնազգացողություան վրա, կարող է բարելավել արյան շրջանառությունը, խթանել այլ կարևոր կենսաբանական պրոցեսներ։

Երաժշտությունը կարող է ծնունդ տալ մարդկային զգացմունքների և զգացողություններ կամ փոփոխել դրանք։ Գիտական ուղղություններից այս կապն առավել լավ կարող է ուսումնասիրել և ներկայացնել նեյրոքիմիան։ Երաժշտություն լսելիս արտազատվում են ամենատարբեր հորմոններ՝ դոպամին, օքսիտոցին և այլն, որոնք ազդում են մարդու զգացական վիճակի վրա, էնդորֆիններ, որոնք կարող են հանդես գալ որպես ցավազրկող։

Երաժշտությունը կարող է մարդուն օգնել իր աշխատանքը կատարելիս՝ օգնելով ուշադրության կենտրոնացմանը, մոտիվացիային և այլն։ Պարզվում է՝ այն անգամ կարող է օգնել նիհարել, և այս պրոցեսն ամենևին միստիկ մի բան չէ, Լուիզան իր աշխատանքում մանրամասն ներկայացնում է այդ մեխանիզմը։

Աշխատանքի մի մեծ հատված նվիրված է երաժշտաթերապիայի տարբեր տեսակներին։ Այդ ծավալուն անդրադարձը կարող է հետաքրքրել ոչ միայն հոգեբաններին, այլև բժշկության տարբեր ասպարեզներում աշխատող մասնագետներին ու նաև մանկավարժներին՝ իրենց ամենօրյա աշխատանքում։ 

Լուիզան նաև հարցազրույց է արել հոգեբան Սուսաննա Չալիկյանի հետ, որտեղ ինձ առավել հետաքրքրեց հարցը, թե ինչպես է երաժշտությունն օգնում հատուկ կարիքով երեխաներին։

Հետազոտական աշխատանքի վերջին՝ երրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է տարբեր երգերի տեքստային և երաժշտական վերլուծությանը։ Մասնավորապես, Լուիզան խիստ մանրակրկիտ ներկայացրել է ամերիկացի երգիչ, հեղինակ Ֆրենք Օուշընի Blonde ալբոմի վերլուծությունը, անդրադարձել նրա երգերի հենց հոգեբանական նյուանսներին՝ փորձելով հասկանալ հեղինակին և նրա կյանքի տարբեր փուլերը նրա երգերի միջոցով։ 

Եվ ամենավերջում ինձ շատ հաճելի ու հուզիչ անակնկալ էր սպասում, քանի որ Լուիզան որոշել էր անդրադառնալ նաև իմ երգերից մի քանիսին, և պիտի ասեմ՝ ինձ երգերի ընտրությունը շատ դուր եկավ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես են ընկալվում իմ երգերը, դրանցում ներկայացված պատմությունները տարբեր մարդկանց կողմից, և հատկապես երիտասարդ աղջկա ընկալումն ինձ համար իրոք կարևոր էր։ 

Հրաշալի է, որ Լուիզան կենտրոնացել է հատկապես երգերի տեքստերի վրա, քանի որ պարզ է դառնում, որ նա հասկացել է ամենակարևորը, որ երաժշտությունը ծնվում է խոսքից, և որ լեզու-երաժշտություն սինթեզի մեջ «մայրը» հենց լեզուն է։ Սա այն գիտակցումն է, որի վրա հիմնված է դասական երաժշտության այնպիսի հսկա մի կառույց, ինչպիսին օպերային արվեստն է, երաժշտական թատրոնը։ Օպերայի ստեղծումը և ապա դրա ռեֆորմը՝ իր բոլոր փուլերում, արվել է՝ հենց հիմքում ունենալով լեզվի, տեքստի կարևորությունը և առաջնայնությունը։ Մեզ ավելի հարազատ օրինակ բերենք՝ Կոմիտասի հոդվածներից մեկից. «Ազգի մը լեզուն ու գրականությունը կարող են ձևափոխվիլ ու զարգանալ՝ օրինակ առնելով ուրիշ ազգերեն, բայց երբ ան ինքնահատուկ լեզու և գրականություն ունի, ունի և ինքնուրույն երաժշտություն։
Եթե ճշմարտություն են այս բոլորը, ապա ուրեմն, ճշմարտություն է և այն, որ մեզ տվին նույնպես և երաժշտություն, որ այնքան հարազատ է ու ազգային և այնքան ինքնուրույն է ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրականությունը, որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու ծավալի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և՛ համապատասխանող երաժշտություն»։

Ամփոփելով՝ շնորհակալություն հայտնեմ Լուիզային իր արած ծավալուն, հետաքրքիր ու կարևոր աշխատանքի համար, և վստահ եմ՝ իր աշխատանքը հենց իրեն շատ կօգնի հետագայում՝ բեմից երգեր ներկայացնելիս, քանի որ կգիտակցի, թե իր ունկնդրի համար ինչքա՜ն կարևոր է իր փոխանցած երգերի ամեն փոքրիկ նյուանսը։

Լիլիթ Բլեյան

Leave a comment